2015-ը հագեցած էր, բարդ ու լի մարտահրավերներով՝ կառավարության արտահերթ նիստում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ամփոփելով անցնող տարին: Նրա խոսքով՝ այս տարի երեք կարևորագույն իրադարձություն է տեղի ունեցել, որից առաջինը տնտեսական աճն է: «Աճ կա արդյունաբերությունում՝ 4,6 տոկոս, գյուղատնտեսությունում՝ 12,6 տոկոս, ծառայությունների ոլորտում, առանց առևտրի` 3 տոկոս: Միջին գնաճը կազմել է 4,1 տոկոս, երբ միջին ամսական աշխատավարձն աճել է 8,5 տոկոսով»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այս ամենը եղել է ՌԴ-ում պատժամիջոցների ու տրանսֆերտների 500 մլն դոլարի անկման ֆոնին: Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ երկրորդ կարևորագույն ձեռքբերումը Սահմանադրության փոփոխությունն է համաժողովրդական քվեարկության արդյունքում. «Հանրաքվեով ՀՀ քաղաքացիների կողմից հավանության արժանացած օրինագիծը, անկասկած, արժեքավոր հիմք է ծառայում Հայաստանի բարեկեցության և կայուն զարգացման համար: Կարևորում եմ, որ սահմանադրական նոր լուծումներով կտրուկ բարձրանում է պետական իշխանության համակարգում ՀՀ ԱԺ դերակատարումը, ստեղծվում են խորհրդարանական վերահսկողության իրականացման իրապես ու արդյունավետ մեխանիզմներ՝ բարձրացնելով կառավարության հաշվետվողականությունը»:
Երրորդ կարևորագույն իրադարձությունը, ըստ վարչապետի, խորացող և հավասարակշռված տնտեսական ինտեգրումն է. «Մեր վերլուծությունները միանշանակ վկայում են` միանալով ԵԱՏՄ-ին, Հայաստանը հնարավորություն ստացավ մեղմելու արտահանման նվազումը համեմատ տարածաշրջանում գտնվող համադրելի երկրների, ինչպիսիք են Մոլդովան ու Վրաստանը: Միաժամանակ ՀՀ-ն 2015-ի դեկտեմբերին նոր լայնածավալ բանակցություններ սկսեց ԵՄ-ի հետ: Քննարկել ենք ոչ միայն քաղաքական, այլև բազմաթիվ տնտեսական հարցեր` մեծացնելու մեր փոխգործակցությունները ԵՄ անդամ երկրների հետ»: Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ 2016-ին Հայաստանը նոր հաջողություններ է արձանագրելու: